Ա.Բոբիկյանի նոր ձայնասկավառակը Ծննդյան տոների շունչն ավելի մոտ կդարձնի

Բազմոցին ես, տաք բլուզով ու տաք շոկոլադով, իսկ պատուհանից այն կողմ առատ փաթիլներով ձյունն է գեղեցկացնում քո երեկոն… Ծննդյան տոներին նվիրված ցանկացած երաժշտություն լսելիս ակամայից սա ես պատկերացնում, սկսում երազել ու տրամադրությունդ էլ միանգամից բարձրանում է:
Նախօրեին «Նարեկացի» արվեստի միության համերգասրահում տրամադրություն բարձրացնող ու ծննդյան տոների գիրկը վերադարձնող երեկո էր. բրիտանացի դաշնակահար ու կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանը հայ հանդիսատեսին ներկայացրեց ‘’My Keys to Christmas’’ ` «Ծննդյան Տոների ելևեջներ» ձայնասկավառակը ու հանդես եկավ դաշնամուրային մենահամերգով, որի ժամանակ հնչեցին ձայնասկավառակում զետեղված ծննդյան քորալների դաշնամուրային իր գեղեցիկ փոխադրումները:

Ձայնասկավառաը լույս է տեսել Լոնդոնում, Թագավորական երաժշտական ակադեմիայի (Royal College of Music) կողմից դեռևս նոյեմբերի 16-ին, իսկ Հայաստանում որոշ վաճառասրահներում (մասնավորապես Մայր Աթոռ Էջմիածնում և Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում) այն հնարավոր կլինի գնել արդեն այսօրվանից: Այս մասին Panorama.am-ին պատմեց ինքը` Ա.Բոբիկյանը.
«Որպես դաշնամուրային մենակատար սա իմ առաջին ձայնասկավառակն է և շատ ուրախ եմ, որ այն ոչ միայն ընդգրկվել է Թագավորական երաժշտական ակադեմիայի ձայնադարանում, այլև հասու կլինի նաև հայ հասարակությանը»,- նշեց կոմպոզիտորը:
Սուրբ Ծննդյան բոլոր քորալները, որոնք մանկուց են ծանոթ յուրաքանչյուրիս, Արթուրի մատուցմամբ նոր կերպ են ներկայացվում, սակայն ամենևին էլ չեն շեղվում սկզբնական տեսքից ու հնչեղությունից: «Նարեկացի»-ում տեղի ունեցած իր մենահամերգը դաշնակահարն ավելի շատ ընկերներին ու հարազատներին մատուցած նվեր է համարում, այսպես ասած` մտերմիկ հանդիպում գեղեցիկ երաժշտության ու մեկ գավաթ գինու ուղեկցությամբ: Իսկ արդեն ամռանը ծրագրում է երգեհոնային համերգով հանդես գալ Հայաստանում:
Ա.Բոբիկյանը նաև կինոյի ու հեռուստատեսության երաժշտական պրոդյուսեր է, նրա հեղինակած ստեղծագործությունների հարուստ թվարկն ընդգրկում է կոնչերտոներ դաշնամուրի և ջութակի համար, պրելուդներ երգեհոնի ու դաշնամուրի համար, վոկալիզներ, երգչախմբային մշակումներ, երկու մյուզիքլ, ինչպես նաև հեռուստատեսային գովազդային հոլովակների և վավերագրական ֆիլմերի համար գրված մեղեդիներ: Նրա ստեղծագործությունները, որ ընդգրկված են Օքսֆորդի համալսարանի երաժշտական խմբագրության (Oxford University Music Press) հրատարակություններում, կատարվել են բազմաթիվ ականավոր երաժիշտների կողմից, նրանց թվում «Բի-բի-սի սինգերս (BBC Singers)» կամերային երգչախումբը, Լոնդոնի սիմփոնիկ նվագախումբը: Արթուր Բոբիկյանը համերգային ելույթներով հանդես է եկել Փառատոնների թագավորական համերգասրահում (Royal Festival Hall), Վեսթմինսթերի աբբայությունում, Փարիզի Սուրբ Երրորդության եկեղեցում ( Église de la Sainte-Trinité), Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում և Արամ Խաչատուրյանի անվան Ֆիլհարմոնիկ համերգասրահում:
Աղբյուր` http://www.panorama.am