
“Սիրահարվել եմ երգեհոնին”
“Երգեհոնի երաժշտությունը լսելիս հասկանում ես` սիրո, Աստծո, հոգեւորի մասին մեծ ասելիք ունի: Այն յուրահատուկ գործիքներից է, որ շատ աստվածային է, ես էլ հավատում եմ Աստծուն ու սիրահարվեցի այս գործիքին”,- իր սրտի ու երգեհոնի նմանության, ներդաշնակության մասին Bravo.am-ին պատմեց օրերս Մանչեսթերից Երեւան ժամանած Արթուր Բոբիկյանը:
Երգեհոնահարն ու կոմպոզիտորը հունիսի 18-ին` ժամը 18:00-ին երգեհոն է նվագելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մուտքն ազատ է, Արթուրն էլ ներկայացնելու է երգեհոնի համար գրած իր ստեղծագործությունները, հայկական շարականների իր մշակումները, մեկ եվրոպական գործ, ինչպես նաեւ կհնչեն իր գրած ոչ հոգեւոր գործերը: Վոկալիստը Հասմիկ Բաղդասարյանն է լինելու:

Արթուր Բոբիկյանը ծնունդով Էջմիածնից է, սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, բայց Կոնսերվատորիա չի ընդունվել. երաժշտության դասատուները` Լուսիկյանը, Սմբատյանը ուղղակի ստիպել են, որ ճեմարան գնա: “Հավատս տատիցս է փոխանցվել, ընտանիքս էլ է եկեղեցու հետ կապված, երաժիշտ եմ, բայց եթե ճեմարան չընդունվեի, հոգեւոր երաժշտության մասնագետ չէի դառնա ու այսօր նման լրջությամբ չէի զբաղվի դրանով: Աշխարհում ներկայացնում եմ հայ հոգեւոր մշակույթը, լիքը ասելիք ունենք, որ շատերը չունեն: Եթե ինչ-որ բանում բախտներս բերել է, դա մեր մշակույթն է, որով կարողանում ենք ներկայանալ աշխարհին”,- ասաց Արթուր Բոբիկյանը:Նա 11 տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգեհոնահարն է եղել, այնուհետեւ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: “Առաջին անգամ, երբ Մայր տաճարում լսեցի երգեհոնի երաժշտությունը, Հայր Մամիկոնն էր նվագում, չգիտեմ` հետս ինչ կատարվեց: Նույն գիշերը եկա տուն, ինչքան հողաթափ կար հավաքեցի, դաշնամուրի տակ դրի եւ երգեհոնի պեդալներ սարքեցի… Պարապում էի, ծնողներս տանը չէին, եկան, մաման նայեց, ասաց` “Էրեխես գժվել է”:): Հայր Մամիկոնն էլ ինձ ասաց, եթե իր փնտրած նոտաները գտնեմ, մի ժամով Մայր տաճարի երգեհոնի բանալիները կտա: Ես, բնականաբար, ճարեցի այդ նոտաները ու սկսեցի նվագել:

Նա Ջիվան Գասպարյանի հետ էլ է համագործակցել. համադրել են դուդուկն ու երգեհոնը, նաեւ Շառլ Ազնավուրի հետ է հանդես եկել. “Ավե Մարիա” ստեղծագործությունն է նվագել, ինչպես նաեւ Ռոբերտ Մլքեյանի, Արամ Ղարաբեկյանի, Ռիչարդ Ստամպի, Ջուզեպե Կանովայի եւ շատ ուրիշների հետ:

Հունիսի 11-ին Երեւանում տեղի ունեցավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հոգեւոր երաժշտության ձայնասկավառակի շնորհանդեսը, ձայնասկավառակում զետեղված բոլոր երգերի մշակումները կատարել է երգահան, կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանը, CD-ի միքսինգն ու մասթերինգը Կարեն Գրիգորյաննին է: Արթուրը նաեւ ֆիլմերի համար է երաժշտություն գրում:
Արթուր Բոբիկյանը այս ամառ ընտանիքը Մոսկվայից տեղափոխել է Երեւան, տուն է գնել, արդեն կահույքն էլ է ձեռք բերել:), երգեհոնահարը Մանչեսթերում մենակ է ապրում:), բայց հայրենիք հաճախ է գալիս. “Հայաստանի օդը, ջուրը, բնությունը, ուրախությունը լրիվ ուրիշ հաճույք են”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
http://www.bravo.am